ԿՈՄԻՏԱՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ

Հանճարեղ Կոմիտասի կյանքը և գործունեության տարբեր ոլորտները՝ կոմպոզիտորական, երաժշտագիտական, կատարողական, հասարակական-լուսավորչական, գիտա-պատմական և տեսական մեծ արժեք են ներկայացնում։ Այդ իսկ պատճառով, վերջիններս դարձել են տարբեր տեսակի ուսումնասիրությունների առարկա։ Կոմիտասի մասին գրվել են հաստափոր գրքեր, մեծ ու փոքր հոդվածներ, ուսումնասիրություններ, հուշեր՝ նախատեսված թե՛ նեղ մասնագիտական, թե՛, պարզապես, երաժշտասերների լայն շրջանի համար։
20-րդ դարի առաջին կեսին հայ երաժշտագիտությունն արդեն հարուստ էր Կոմիտասի անձին ու գործունեությանը վերաբերող հոդվածներով ու գրքերով։ Ռուբեն Թերլեմեզյան, Ալեքսանդր Շահվերդյան, Սամսոն Գասպարյան... Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն մոտեցումը ցուցաբերեց Կոմիտասի արվեստի նկատմամբ՝ ըստ արժանվույն գնահատելով նրա դերն ու նշանակությունը հայ երաժշտության պատմության մեջ։
Ուշադրության են արժանի Ռ.Թերլեմեզյանի կազմած ժողովածուները։ Ոչ միայն երաժիշտների, այլև երաժշտասերների համար մատչելի և հաճելի է նրա կազմած ժողովածուն, որտեղ տեղ են գտել Դերենիկ Դեմիրճյանի, Սպիրիդոն Մելիքյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Դեմուրյանի, Վահան Տեր-Առաքելյանի հետաքրքիր հոդվածներն ու հիշողությունները Կոմիտասի մասին։ Թերլեմեզյանն հավաքել է նաև հանճարեղ կոմպոզիտորի երաժշտագիտական նյութերի մի մասը՝ կազմելով հիանալի ժողովածու՝ «Կոմիտաս. հոդվածներ և ուսումնասիրություններ» խորագրով։
Պետք է առանձնացնել ակնառու երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանի հաստափոր մենագրությունը, որը թեկուզ զերծ չէ թերություններից, մասամբ, անճշտություններից, այդուհանդերձ, առ այսօր իր արժանի տեղն ունի Կոմիտասի մասին գոյություն ունեցող բազմաքանակ գրականության մեջ։
Ա.Շահվերդյանի մենագրության կողքին պետք է նշել նաև Իզաբելլա Յոլյանի ծավալուն աշխատությունը, որտեղ ներկայացված են Կոմիտասի կյանքի ուղին, գործունեության հիմնական բնագավառները, գաղափարա-գեղարվեստական հայացքները, նրա արվեստի ժողովրդական արմատները։ Հեղինակը ներգրավել է մի շարք նոր նյութեր, որոնք նպաստում են կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության առավել ճշգրիտ և ամբողջական լուսաբանմանը։
Կոմիտասյան արվեստի խոշորագույն ուսումնասիրողներից մեկը հայ ականավոր երաժշտագետ Ռոբերտ Աթայանն է։ Նա Կոմիտասի բազմաոլորտ գործունեությանը, ստեղծագործական ժառանգությանը, ստեղծագործությունների ոճական առանձնահատկություններին, դրանցում առկա բազմաձայնությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Լավ ծանոթ լինելով կոմպոզիտորի ազգագրական, երաժշտա-ստեղծագործական և գիտական ժառանգությանը՝ Աթայանը գտնում էր, որ «Կոմիտասի մշակած գեղջուկ խմբերգերում ու մեներգերում, թերևս, ամենից ավելի վառ է դրսևորվել հեղինակի կոմպոզիտորական անհատականությունը։ Ամենից ավելի հենց այդ ստեղծագործությունների հետ են կապված երաժշտական արտահայտչամիջոցների բնագավառում Կոմիտասի ինքնատիպ և, միևնույն ժամանակ, անվերջորեն բազմատեսակ գյուտերը, որոնց օգնությամբ նա ազգային-ժողովրդական և արդիական-պրոֆեսիոնալ երաժշտական հատկանիշներ սինթեզելով, ստեղծեց իր գրելաձևը, իր սեփական երաժշտական ոճը։ Այդ միասնական ու խիստ բնութագրական ոճն այսօր ներկայանում է ավելի լայն ու լրիվ, ներքուստ ավելի բովանդակալի, բազմազան ու զարգացող։ Քաղաքային ժողովրդական և հայրենասիրական երգերի մշակումները, ինչպես և ժողովրդական նյութից անկախ ստեղծագործությունները, Թեև չեն համեմատվում այդ հատվածին, բայց արժեքավոր կերպով լրացնում են դրան։
Կոմիտասի ստեղծագործության գնահատման հարցում մի ժամանակ գոյություն ունեցած երկու հակադիր տեսակետներից մեկը, այն է՝ թե Կոմիտասը ոչ թե ստեղծագործող, այլ լոկ ազգագրագետ է՝ վաղուց իր ուժը կորցրել է։ Կարևոր և դեռևս լուսաբանելի է երկրորդ, ճիշտ տեսակետը՝ Կոմիտասը որպես վառ անհատականություն ունեցող դասական կոմպոզիտոր։ Կոմիտասը՝ որպես ժողովրդական երգից արդիական պրոֆեսիոնալ բարձրարվեստ ստեղծագործություն կերտող կոմպոզիտոր, միջազգային երաժշտական ստեղծագործության մեջ նոր ուղիներ հարթողներից եղավ»։
Ուսումնասիրելով Երեւանի գրականության և արվեստի թանգարանի կոմիտասյան ֆոնդի նյութերը՝ Ռ.Աթայանն առանձնակի ուշադրություն է ցուցաբերել «Անուշ» օպերայի նկատմամբ, որը Կոմիտասին այդպես էլ չհաջողվեց ավարտել։ «Կոմիտասի ուրվագրերում օգտագործված են մի քանի ժողովրդական մեղեդիներ, մեծ մասը, սակայն, ժողովրդական գյուղական և քաղաքային ոճով հորինված նոր մեղեդիներ են։ Այսպիսի դեպքում ազգային երանգն, ինչ խոսք, ավելի հստակ է», - գրում է Աթայանը։ Նա «Անուշ»-ն համարում էր հայ ազգային օպերային արվեստի պատմության կարևորագույն էջերից մեկը և գտնում, որ գտնված նյութերը նվագախմբային և խմբերգային որոշ հատվածներով լրացնելուց հետո հնարավոր կլինի իրագործել Կոմիտասի հիանալի մտահղացման համերգային բեմադրությունը։
Ռ.Աթայանի երաժշտա-տեսական կարևորագույն աշխատություններից են «Բազմաձայնության տարրերը հայ ժողովրդական երաժշտության մեջ» և «Ժողովրդական երգի ներդաշնակության սկզբունքը Կոմիտասի մոտ» ուսումնասիրությունները։ Խոսելով հայ ժողովրդական երաժշտության մոնոդիկ կերտվածքի մասին՝ երաժշտագետը նշում է. «Ժողովրդական ստեղծագործության դեպքում բազմաձայնության առկայությունը կամ բացակայությունը այդ ստեղծագործության համար ավանդական ոճական գիծ է, նրա բնորոշ հատկանիշներից մեկը»։ Ըստ Ռ.Աթայանի, հայ երաժշտությունը, միաձայն-մոնոդիկ կերտվածք ունենալով, վաղուց ի վեր բավարարվել է բազմաձայնության տեսակներով, դրանց առանձին տարրերով։
Հիմնվելով կոմիտասյան բազմաձայն մշակումների վրա՝ երաժշտագետն ուսումնասիրում է դրանց լադային կառուցվածքն ու ներդաշնակման սկզբունքները։
Ռ.Աթայանը նաև Կոմիտասի բազմաբեղուն գործունեության տարբեր հարցերին նվիրված գիտական ուսումնասիրությունների ժողովածուի՝ «Կոմիտասական»-ի գլխավոր խմբագիրն է։ Նրա դերը մեծ է կոմպոզիտորի ժառանգության ակադեմիական հրատարակման (երկերի ժողովածուի հատորների) գործում։ Վերջինս այսօր շարունակում է արդի երաժշտագիտության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Գևորգ Գյոդակյանը։ Նա նույնպես Կոմիտասի կյանքին, գործունեությանն ու ոճին վերաբերող բազմաթիվ հոդվածների («Կոմիտասի ոճը և 20-րդ դարի Երաժշտությունը», «Հայ երաժշտության հանճարը» եւ այլն), ինչպես նաև մենագրության հեղինակ է։ Իր ուսումնասիրություններում Գ.Գյոդակյանն, ըստ էության, առաջինը «Կոմիտաս» երևույթը դուրս բերեց զուտ ազգային երաժշտական արվեստի ուղեծրից և քննարկեց 20-րդ դարի համաշխարհային մշակույթի համատեքստում։ Երաժշտագետի կարծիքով, Կոմիտասի ստեղծագործությունն անքակտելիորեն կապված է համաշխարհային երաժշտության զարգացման նոր դարաշրջանի հետ. Կոմիտասը նրանց շարքում է, ովքեր կանգնած էին այն հզոր շարժման ակունքներին, որը կյանքի կոչեց մի ողջ ուղղություն 20-րդ դարի երաժշտության մեջ (Դեբյուսի, Բարտոկ, Ստրավինսկի)։ Ըստ Գ.Գյոդակյանի, «Կոմիտասը նորովի մոտեցավ ժողովրդական մշակույթին։ Ակնառու են Կոմիտասի նորարարական սկզբունքները, որ բացահայտվում են ոչ միայն հայ ազգային երաժշտության շրջանակներում, այլև առավել լայն պլանով՝ համաշխարհային երաժշտական արվեստի զարգացման հեռանկարում։ Կոմիտասը մեծ է, թերևս, ամենից առաջ այն բանով, որ սեփական՝ ազգային մշակույթի առավել հրատապ խնդիրների լուծումը կարողացավ բարձրացնել 20-րդ դարի ամբողջ երաժշտական արվեստի առջև ծառացած պրոբլեմների լուծման մակարդակին։ Ընդ որում, նա ոչ միայն հենվում էր իր նախորդների և ժամանակակիցների փորձի ու նվաճումների վրա, այլեև նրանց շարքում էր, ովքեր անմիջականորեն երաժշտական մտածողության որակապես նոր հիմքերն էին դնում։
Կոմիտասը ստեղծագործական ասպարեզ ելավ երաժշտական արվեստի համար չափազանց դժվարին ժամանակներում՝ սկսվող ճգնաժամի, ավանդական շատ պատկերացումների հեղաբեկման շրջանում։ Այս պայմաններում միշտ չէր, որ նորը առաջավորի հոմանիշ էր, իսկ նորի որոնումները հաճախ ձևական-ինքնաբավ բնույթ ունեին և երաժշտական արվեստը անելանելի փակուղի էին քաշում։ Էթիկական պարտքի բարձր գիտակցությամբ օժտված այնպիսի արվեստագետի համար, ինչպիսին Կոմիտասն էր, ինչ խոսք, միանգամայն անիմաստ էր նորարարությունը հանուն նորարարության։ Երաժշտական նյութի կազմակերպման նորանոր սկզբունքները առաջ եկան մի ձգտումից, որ նպատակ ուներ առավել խոր թափանցել ժողովրդական արվեստի, ժողովրդական երաժշտության էության մեջ և առավել լրիվ ու կատարյալ արտահայտել։ Եվ, ինչպես ցույց տվեց պատմությունը, դա մեր ժամանակների երաժշտական արվեստի ճշմարիտ նորացման ամենագործուն եւ հեռանկարային ուղիներից էր»։
Կոմիտասյան արվեստի ուսումնասիրողներից է հայ երաժշտագետ Մաթևոս Մուրադյանը։ Բազմազան են նրա հոդվածները. դրանց մեծ մասը նվիրված է Կոմիտասի գործունեությանը, նրա ստեղծագործություններին (օրինակ, «Եկմալյանի Պատարագը Կոմիտասի գնահատությամբ», «Կոմիտասը և հայկական ժողովրդական երգը», «Կոմիտասի վոկալ ստեղծագործությունները»)։ Մ.Մուրադյանն ուշադրություն է դարձրել նաև հանճարեղ կոմպոզիտորի հասարակական-լուսավորչական, մանկավարժական գործունեության վրա։ «Կոմիտասը և հայ երաժշտության ցուցադրումը Եվրոպայում» հոդվածում, լուսաբանելով կոմպոզիտորի լուսավորչական գործունեությունը, նա արծարծում է հարցեր՝ կապված Կոմիտասի ուղևորությունների, հրապարակումների, հայ երաժշտության վերաբերյալ կարդացած դասախոսությունների հետ։
Հայտնի է, որ Կոմիտասը ազգային երաժշտանոց հիմնելու ծրագրեր էր փայփայում, նա մշտապես մտահոգված էր ազգային երաժշտական ուժերի դաստիարակման հարցերով։ Այս խնդրին է նվիրված Մ.Մուրադյանի «Ազգային երաժշտական ուժերի պատրաստման կոմիտասյան ծրագրերը» հոդվածը, որտեղ լուսաբանվում են նաև Կոմիտասի մանկավարժական գործունեությանն առնչվող հարցեր։ «Հանճարեղ երաժշտի տարիներով փայփայած նվիրական երազանքը՝ հայկական երաժշտանոց հիմնելու գաղափարն իրականացավ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո միայն, երբ Երևանում հիմնադրվեց պետական կոնսերվատորիա, որն այժմ հպարտությամբ կրում է մեծ Կոմիտասի անունը»։
Կոմիտասի ժառանգության ուսումնասիրողներից է նաև հայ մեծանուն երաժշտագետ Նիկողայոս Թահմիզյանը։ Լինելով հայ հոգևոր երաժշտության գիտակ՝ իր բազմաթիվ հոդվածներում («Կոմիտասը և Գրիգոր Նարեկացու տաղերը», «Կոմիտասը և հայկական խազերի վերծանության խնդիրը», «Կոմիտասը և հայոց հոգևոր երգարվեստի ուսումնասիրության հարցերը») նա մեծ ուշադրություն է դարձրել հոգևոր երաժշտությանն առնչվող կոմիտասյան ուսումնասիրությունների վրա։ «Կոմիտասը հանդիսացավ ոչ միայն մեր կոմպոզիտորական ազգային նորագույն դպրոցի, այլև հայ երաժշտական հին մշակույթն ուսումնասիրող գիտության հիմնադիրը։ Չնայած հայ հոգևոր երգարվեստին վերաբերող Կոմիտասի առանձին ուսումնասիրությունների թերավարտությանը, դրանք ևս, իրենց ամբողջության մեջ ուրվագծում են մտքերի և դրույթների սևեռուն ուշադրության արժանի մի համակարգ։ Կոմիտասի այդ մտքերն ու դրույթները շարադրված են ոչ միայն, հատկապես, հոգևոր երաժշտությանը նվիրված գրվածքներում, ինչպես սրանց մեջ էլ վերլուծվում են ոչ միայն եկեղեցական երգարվեստի իրողությունները։ Եվ սա, տվյալ դեպքում, ընկալվում է նույնիսկ որպես հայեցակետային նշանակություն ունեցող փաստ...
Կոմիտասը դրեց հայ հնադարյան երգարվեստի մասին հայրենի նորագույն գիտության հիմունքները, նախագծեց ու զգալիորեն հարթեց այդ գիտության հետագա զարգացման Ճանապարհը», - գրում է Ն.Թահմիզյանը։
Կոմիտասի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է Ցիցիլիա Բրուտյանը։ «Կոմիտասը համաշխարհային չափանիշով», «Կոմիտասը որպես մանկավարժ», «Կոմիտասի ազգագրական ժողովածուն» և այլ հոդվածների կողքին կարևոր է նշել նրա «Կոմիտաս» աշխատությունը։ Երաժշտագետի նրբանկատությամբ գրված այդ գիրքն աչքի է ընկնում մատչելի լեզվով. այն հասանելի է նաև ընթերցողների լայն շրջանին։ Ց.Բրուտյանի խոսքերով, «Կոմիտասը եկավ հայ ժողովրդի կյանքի ու հոգևոր մշակույթի բազմադարյան պատմության խորքերից ու վեր խոյացավ՝ երեսը դարձրած դեպի նրա զարգացման նոր ու հեռասլաց ուղիները»։
Կոմիտասի ստեղծագործություններն հիմք են ծառայել բազմաթիվ երաժշտագետների տեսական աշխատությունների համար (օրինակ, Էդուարդ Փաշինյանի, Ռաֆայել Ստեփանյանի). նրա կյանքի և գործունեության մասին գրել են ոչ միայն հայ, այլև օտարազգի երաժիշտները (Գաստուե, Գնեսին, Կաբալեւսկի, Տակտակիշվիլի)։
Հայ հանճարեղ կոմպոզիտորի մասին գոյություն ունեցող հսկայական մատենագրությունն օրեցօր համալրվում է նոր գրքերով և հոդվածներով։