ԿՈՄԻՏԱՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից էր մանկավարժությունը։ «Նա հանգիստ էր, ընկերական, մեղմ, ոգեւորությամբ տոգորված։ Նրա ժպտուն աչքերում թաքնված թախծալի ցոլքը, պարզ ինտոնացիան, խանդաղատալի ձայնը մատնում էին նրա ներքին կրակը։ Կոմիտասը հիվանդ էր ժողովրդական երգով։ Դասավանդելիս երգում էր և նրա ժողովրդական երգի մեջ զգացվում էին նրբերանգներ, ռիթմ, կոլորիտ», - այսպես էր հիշում Կոմիտաս-մանկավարժին հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը։
Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի վկայությամբ, Կոմիտասի շնորհիվ «ճեմարանում երաժշտա-տեսական առարկաների դասարանն ավելի բազմամարդ էր, քան շատ կոնսերվատորիաներում և երաժշտական ուսումնարաններում»։
Աշակերտներին օգնելու նպատակով կոմպոզիտորը գրել է մի շարք դասագրքեր՝ «Երաժշտության տարրական տեսություն», «Հայկական նոտագրություն», «Հարմոնիա»։
Տասնյակ տարիներ Կոմիտասը երազում էր ազգային երաժշտանոցի ստեղծման մասին, որը, ցավոք, նրան այդպես էլ չհաջողվեց։
Կոմիտասի մանկավարժական հմտության վառ ապացույցն են երգիչներին ուղղված նրա տասը պատվիրանները։
Կոմպոզիտորը պատասխանատվության մեծ զգացումով էր վերաբերվում մանկավարժությանը՝ ասելով. «Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։
Իր ակտիվ և բեղուն մանկավարժական գործունեության ընթացքում մեծատաղանդ արվեստագետը կրթել է վառ երաժիշտների մի ամբողջ սերունդ, որոնք դարձան իրենց ուսուցչի անմահ գործի շարունակողներն ու ժառանգության պրոպագանդողները։

Նրանցից է հայ ժողովրդական երգերի հիասքանչ «մեկնաբան», տաղանդավոր երգիչ Արմենակ Շահմուրադյանը։ Չնայած մեզ հասած նրա ձայնագրությունների թիվը մեծ չէ, սակայն դրանք էլ բավարար են կոմիտասյան դպրոցի մասին լիարժեք գաղափար կազմելու համար։ Շահմուրադյանի թավշյա տենորով անզուգական են հնչում հայ երգարվեստի մարգարիտները՝ «Կռունկ»-ը, «Հով արեք»-ը, «Անտունի»-ն, «Գարուն ա»-ն...
Եգիչը ծնվել է 1878 թվականին հայկական Մուշ քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ութ տարեկանում այնքան վառ էին արտահայտված նրա վոկալ ընդունակությունները, որ Արմենակին ընդունեցին եկեղեցական երգչախումբ, որտեղից էլ ուղարկեցին Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Այստեղ նա դարձավ հայ նշանավոր կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի մենակատարը։ Ճեմարանում էլ Շահմուրադյանը ծանոթացավ Կոմիտասի հետ։ Հանճարեղ կոմպոզիտորը գրի էր առնում եւ ուսումնասիրում երգչի կատարմամբ բյուրեղյա մաքրությամբ հնչող մեղեդիները, իսկ Արմենակը Կոմիտասի օգնությամբ ու նրա ուշադրության ներքո կատարելագործում էր իր վոկալ վարպետությունը։
Տասնվեց տարեկանում Արմենակը թողնում է Էջմիածինը և մեկնում Թիֆլիս, որն համարվում էր Անդրկովկասի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ նրա յուրահատուկ ձայնը գրավում է շատերի, այդ թվում հայտնի գրողներ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ուշադրությունը։
Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներն ու իրադարձություններն անտարբեր չանցան Արմենակի կողքով։ Հայ շատ ապստամբների հետ նա ձերբակալվեց և հանձնվեց թուրքական իշխանություններին։ Միայն շնորհիվ իր երգի Շահմուրադյանին հաջողվեց փրկվել։ Նրա հիասքանչ ձայնի համբավն հասավ թուրք դեսպան Ֆաուդ-Բելին, որը լսելով Արմենակին, նրան ներում շնորհեց։
Հաստատվելով Փարիզում՝ Շահմուրադյանն ընդունվեց Վենսան դ՛Էնդիի «Երգեցողության դպրոց»։ Այստեղ նույնպես նրան սպասում էր փառքը. Արմենակը դարձավ հանրաճանաչ Պոլինա Վիարդոյի աշակերտը։ Նրա առջև բացվեցին փարիզյան դահլիճների դռները։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Շահմուրադյանը մասնակցեց շատ օպերային ներկայացումների, վոկալիստների մրցույթների՝ արժանանալով ունկնդիրների եւ մամուլի հիացմունքին եւ բարձր գնահատականին։
«Ինչպիսի հիասքանչ ձայն, ինչպիսի հազվագուտ և գրավիչ տեմբր։ Այս գնահատականում չկա ոչ մի չափազանցություն», - գրում է «Կոմեդիա» թերթը։
«Մասնակիցներից միայն մեկն է օժտված նշանակալից տաղանդով, որը փայլուն ապագա է խոստանում նրան. դա Արմենակ Շահմուրադյանն է», - մրցույթում երգչի ելույթից հետո այսպես է գրում «Էկլեր» թերթը։
1911 թվականի հւնվարի 27-ին տեղի ունեցավ Արմենակի դեբյուտը. նա հանդես եկավ Ֆաուստի դերում։
«Շատ գեղեցիկ արտաքինը, հաճելի շարժուձևը բեմական այն չափանիշներն են, որոնք զարգանալով, տանում են դեպի կատարելություն», - գրում է թերթերից մեկը։
Փարիզում Ա.Շահմուրադյանին անվանեցին «հայկական Կարուզո»։
Այս տարիներին Կոմիտասը զգոն կերպով հետևում էր իր սանի հաջողություններին։ Լինելով Գրանդ-օպերայի մենակատար՝ Շահմուրադյանը դառնում է Կոմիտասի կազմակերպած մշակութային բոլոր միջոցառումների հիմնական և գլխավոր մասնակիցը։ Կոմիտասն ինքն էր նվագակցում իր աշակերտին։
Շարունակելով փայլուն տենորի իր կարիերան՝ Արմենակը համերգներով հանդես է գալիս ողջ աշխարհում՝ գրավելով լավագույն բեմերը։ Նրա ձայնը «հնչում» է Բոստոնում, Սան-Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Նյու-Յորքում, Լոնդոնում, Ցյուրիխում, Բրյուսելում, Թեհրանում, Բաղդադում եւ այլուր։ 1930-ին Շահմուրադյանը փառքով թեւավորված վերադառնում է Փարիզ եւ իր ուսուցչին գտնում է հոգեբուժարանում։ Ցավո՛ք, Կոմիտասն այլևս ի վիճակի չէր ճանաչելու իր սիրելի աշակերտին. դա մեծ հարված էր Արմենակի համար։ Ճակատագրի բերումով 9 տարի անց՝ 1939 թվականին, նույն հիվանդանոցում, նույնպիսի հիվանդության հետևանքով վախճանվեց նաեւ Արմենակ Շահմուրադյանը։

Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Կոմիտասի առաջին աշակերտներից էր Սպիրիդոն Մելիքյանը։ Ծնվել է 1881 թվականին։ Դեռևս ուսման տարիներին նա զբաղվել է գիտական հետազոտություններով։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ 1904-1908 թվականներին, Սպիրիդոնը մեկնում է Բեռլին և սովորում նույն պրոֆեսորների ղեկավորությամբ, որոնց մոտ ժամանակին ուսանել էր ինքը՝ Կոմիտասը։ Անդրկովկաս վերադառնալուն պես, հրաժարվելով Էջմիածնում ստացած հոգևորականի իր կոչումից, նա սկսում է զբաղվել մանկավարժական, հասարակական և երաժշտագիտական գործունեությամբ։ Ներսիսյան ճեմարանում, շարունակելով Մ.Եկմալյանի ավանդույթները, Ս.Մելիքյանն է՛լ ավելի է բարձրացնում տեղի երգչախմբի մակարդակը։ Թիֆլիսում նա Հայկական երգչախմբային ընկերության եւ Հայկական երաժշտական կազմակերպության հիմնադիրներից և գործող անդամներից էր։
Սպիրիդոն Մելիքյանի երաժշտագիտական աշխատանքներից են «Երաժշտության զարգացման խնդիրնեը» (1909), «Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա» (1914), «Երգեցողության դասագիրքը» (1912), «Շիրակի Երգեր» ձեռնարկը (1917)։ Առաջին հրապարակումը նվիրված է դպրոցներում երաժշտության դասավանդման զարգացման խնդիրներին և հայրենական երաժշտական մշակույթի պրոպագանդման նպատակով ֆիլհարմոնիկ ընկերության կազմակերպմանը։ Մյուս հետազոտությունները նվիրված են խազերին և եկեղեցական 8-ձայն համակարգին։ «Շիրակի երգեր» ձեռնարկը 1914 թվականին Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերության կողմից կատարած երաժշտա-ազգագրական հետազոտությունների արդյունքն է։ Հայ իրականության մեջ առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրված երգերը նոտագրվում և հրատարակվում էին առանձին ժողովածուով։ Այստեղ հավաքագրված են գեղջկական երգեր և պարերգեր, աշուղական իմպրովիզացիաներ, որոնք հետաքրքիր են իրենց ժանրային բովանդակությամբ, ունեն մեծ պատմական նշանակություն և այսօր էլ ծառայում են որպես թեմատիկ աղբյուր հայ կոմպոզիտորների համար։
Ս.Մելիքյանը մահացել է 1933-ին։

Կոմիտասի լավագույն աշակերտներից էր նաև Վահան Տեր-Առաքելյանը։ 1901 թվականին ընդունվելով Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ նա դառնում է ամենալավ ուսանողներից և Կոմիտասի երգչախմբի մենակատարներից մեկը։ Շնորհիվ Վ.Տեր-Առաքելյանի կոմպոզիտորը ծանոթանում և գրի է առնում նրա ծննդավայրի՝ Վայքի եղանակները։ «Նա լեռնային առյուծ է, նրա ձայնն անտառում առյուծի գիշերային մռնչոց է հիշեցնում», - այսպես էր նկարագրում իր աշակերտին Կոմիտասը։
1909-ին Վահանն ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա՝ զուգահեռաբար անցնելով նաև սպայական դասընթացներ ու ստանալով ենթասպայի կոչում։ Նա մասնակցում է 1-ին համաշխարհային պատերազմին՝ խիզախության համար Պարգևատրվելով մի շարք շքանշաններով, բազմաթիվ պատվոգրերով եւ մարտական սրերով։ 1921 թվականից Տեր-Առաքելյանը տեղափոխվում է Թիֆլիս եւ աշխատում «Մարտակոչ» ու «Պրոլետար» թերթերի խմբագրություններում։ Այս տարիներին գրում և հրատարակում է գրական ստեղծագործությունների մի ամբողջ շարք՝ «Դեպի նոր կյանք», «Կարմիր դրոշ», «Նեռի ծնունդը», «Անմահ կայծ», «Կաթնաղբյուր»։
Ժամանակակիցների վկայությամբ, նրա արձակն իր գեղարվեստական ուժով չէր զիջում Հայաստանի լավագույն գրողների՝ Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի ստեղծագործություններին։ Վ.Տեր-Առաքելյանի գրչին է պատկանում «Քյոռ Օղլի» օպերայի լիբրետոն։ Նա օժտված էր նաև թարգմանչի տաղանդով։ Վ.Տեր-Առաքելյանի շնորհիվ հայ ընթերցասեր հասարակայնությունն հնարավորություն ունեցավ ծանոթանալու համաշխարհային գրականության լավագույն նմուշներին՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ին, Բրունո Յանեսկուի «Ես վառում եմ Փարիզը», Յարոսլավ Գաշեկի «Համաշխարհային պատերազմում խիզախ զինվոր Շվեյկի արկածները» և այլ ստեղծագործությունների։ Երգիչը դիմել է նաև ռուսական պոեզիային. հայտնի են նրա՝ Պուշկինի, Եսենինի, Մայակովսկու, Գորկու երկերի թարգմանությունները։
...Ընթերցողները Վահան Տեր-Առաքելյանին պետք է հիշեն, որպես «Խիզախ զինվոր Շվեյկի արկածներ»-ի եւ «Աննա Կարենինա»-ի թարգմանչի։ Նա թարգմանիչ-պոետ է։ Միայն «Շվեյկ»-ում քառասուն նոր բառ կա։ Իսկ «Աննա Կարենինա»-ն նա թարգմանել է այնպիսի զգացումով, որ Աննան ընթերցողի համար դարձել է աստվածատուր կին, իսկ նրա մահը՝ անձնական դրամա։ Եթե թարգմանչական արվեստն համեմատենք դերասանականի հետ, ապա կարելի է զարմանալ ու հիանալ, թե Վ.Տեր-Առաքելյանին ինչպես է հաջողվել մի դեպքում օժտված լինել հումորի այդպիսի զգացումով, մյուսում՝ խորը դրամատիզմով», - այսպես է գնահատել Տեր-Առաքելյան-թարգմանչին լեզվագրագետ Ռուբեն Զարյանը։
Կոմիտասի ողբերգական վախճանից մեկ տարի անց՝ 1936 թվականին Թիֆլիսում ձերբակալվեց Վահան Տեր-Առաքելյանը և աքսորվեց Կոմիի ինքնավար հանրապետություն, որտեղ էլ 1941 թվականին կնքեց իր մահկանացուն։ Միայն 1960 թվականին երգչի հարազատներին հաջողվեց նրա աճյունը տեղափոխել հայրենիք։

Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանը ծնվել է Սեբաստիայի շրջանի Կյուրին քաղաքում։ 1910 թվականին տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ եւ ստացել է իրավաբանական կրթություն։ Հիանալով Կոմիտասի արվեստով՝ Թումաճանը դարձել է «Գուսան» երգչախմբի անդամ։ Պատերազմի ավարտից հետո Կոստանդնուպոլսում գտնելով իր ընկերներին՝ իրականացրել է «Հայ գուսան» երգային ժողովածուի հրատարակումը։ 1923 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ կազմակերպել է երգչախմբեր եվ համերգներ, ձայնագրել է արևմտահայկական երգեր։ Կոմիտասի եւ Սպիրիդոն Մելիքյանի հավաքագրած երգերի հետ մեկտեղ Թումաճանի կազմած ժողովածուները հայ երաժշտական արվեստի արժեքավոր գոհարներից են։ 1964 թվականին Միհրան Թումաճանը հաստատվել է հայրենիքում, որտեղ հրատարակել է իր ժողովածուները։ Նա մահացել է 1973 թվականին Երեւանում։

Կոմիտասի տաղանդաշատ աշակերտներից մեկը՝ Բարսեղ Կանաչյանը, ծնվել է 1888 թվականին։ Ութ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիա՝ Վառնա։ Սովորել է ջութակ նվագել նախ տեղի հայկական դպրոցում, ապա Բուխարեստի ուսումնարանում, ուր ստացել է նաեև հարմոնիայի եւ դաշնամուրի դասեր։ 1908 թվականին վերադառնալով Կ.Պոլիս՝ կազմակերպել է «Քնար» և «Մասիս» նվագախմբերը, ինչպես նաև երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադառնալով Պոլիս, նա գտնում է կոմիտասյան սաներին և նրանց հետ կազմակերպում «Կոմիտասյան հինգ սաներ» խմբակցությունը։ Իրենց ուսուցչի գործը հավերժացնելու նպատակով նրանք համերգներ են տալիս, հրատարակում «Հայ գուսանական երգեր»-ի երեք երգարան, կազմակերպում երգչախմբեր և նվագախմբեր, զբաղվում մատաղ սերնդի դաստիարակության գործով։ Բեյրութում կազմակերպում է «Գուսան» երգչախումբը, որի գործունեությունը տևում է ավելի, քան 15 տարի։
1920 թվականին Կանաչյանն իր ընկերների հետ մեկնում է Փարիզ և մեկ տարի սովորում Ռենե Լը Նորմանի դասընթացներում։ Այնուհետև շարունակում է իր երաժշտական գործունեությունը Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, ապա փոխադրվելով Բեյրութ՝ ձեռնարկում համերգային շրջագայություններ դեպի Դամասկոս, Տրիպոլի, Զահլե, Լաթաքիե, Հալեպ և այլուր։ Իր մանկավարժական և խմբավարական գործունեությանը զուգընթաց Կանաչյանը զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով։ Որպես կոմպոզիտոր նա նույնպես շարունակել է կոմիտասյան գիծը՝ իր ստեղծագործությունների համար հիմք ընդունելով հայ ժողովրդական երգը։ Գրել է բազմաթիվ մեներգեր, խմբերգեր, մանկական երգեր, դաշնամուրային պիեսներ։ Ունի ժողովրդական ու հայրենասիրական երգերի մշակումներ։ Նրա խոշոր գործերից է «Աբեղա» մեկ գործողությամբ օպերան (Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի հիման վրա)։
1950 թվականից աչքերի հիվանդության պատճառով Բարսեղ Կանաչյանը ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը։ Նա վախճանվել է 1967 թվականին։

Վաղարշակ Սրվանձտյանը հանրահայտ ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանի ազգականն է։ Ծնվել է 1891թվականին Իրանի Թավրիզ քաղաքում։ Սուլթան Համիդի ռեպրեսիայի տարիներին արտաքսվել է Բրուսա, որտեղ սովորել է Ֆրերների քոլեջում։ Ինը տարեկանից Վաղարշակը ֆլեյտա է նվագել ուսանողական հոգևոր նվագախմբում։ 1910 թվականին նա մեկնել է Կ.Պոլիս և սովորել Կոմիտասի մոտ։ 1920 թվականին ընկերների հետ մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու, ապա ԱՄՆ՝ հաստատվելով Ֆրեզնո քաղաքում։ Հետևելով իր ուսուցչի օրինակին՝ Վաղարշակ Սրվանձտյանը զբաղվել է ազգագրությամբ և կոմպոզիտորական գործունեությամբ։ Պահպանվել են Փարիզում և այլուր տպագրված նրա երգերը և ռոմանսները։ Կյանքի վերջում ստեղծել է իր լավագույն ստեղծագործությունը՝ «Հայկական սիմֆոնիա»-ն։ Վ.Սրվանձտյանը վախճանվել է Ֆրեզնոյում, 1958 թվականին։

Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանը ծնվել է 1892 թվականին Կ.Պոլսում, երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան գիմնազիայում, աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և խմբավար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել է «Հայկական երաժշտական ընկերությունը»։ Վ.Սարգսյանն իրականացրել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը։ Կոմիտասի մյուս աշակերտների հետ 1920 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ նշանակվել է հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար։ Այնուհետև, Բելգիայում ստեղծել է «Հայեր» երաժշտական ընկերությունը, հիմնել երգչախումբ։ Վարդան Սարգսյանը սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում։ 1931 թվականին Մարսելում կազմակերպել է երկրորդ «Հայկական երաժշտական ընկերությունը», իրականացրել Կոմիտասի և իր իսկ ստեղծագործությունների կատարումները։ 1947 թվականին Վ.Սարգսյանը տեղափոխվել է Փարիզ։
Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայ պոետների խոսքերով գրված երգեր, «Սրբազան երգեցողությունք Հայաստանյաց եկեղեցվո» ծավալուն աշխատությունը։ Վ.Սարգսյանի դերը մեծ է իր ուսուցչի՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքման եւ հրատարակման գործում։ Նրա շնորհիվ լրացվել եվ հրատարակվել է Կոմիտասի «Պատարագը»։
Վարդան Սարգսյանը մահացել է 1978 թվականին։

Կոմիտասի աշակերտների շարքում ամենահամեստ տեղը զբաղեցնում է Հայկ Սեմերջյանը։ Նրա մասին քիչ տեղեկություն է հասել մեզ։ Հայտնի է, որ Հ.Սեմերջյանը հիասքանչ ձայնով օժտված երգիչ էր, որը, ցավոք, պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձայնն ու լսողությունը և հեռացել երաժշտական ասպարեզից։ Ճակատագրի բերումով նրան վիճակված չէր շարունակել իր ուսուցչի՝ մեծն Կոմիտասի գործը։