ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չնայած 2005 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 70 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։


1936 թվականի մայիսի 26-ին Փարիզից Երևան տեղափոխվեց մեծն Կոմիտասի աճյունը և թաղվեց նշված պանթեոնում։ Այժմ կոմպոզիտորի շիրիմը զարդարում է նրա փառապանծ հուշարձանը. ձեռքին մի տետր, նա «կերտում» է իր հերթական գլուխգործոցը...
Հայտնի է, որ իր ողջ կյանքի ընթացքում Կոմիտասը ձգտում էր ստեղծել երաժշտական բարձրագույն հաստատություն՝ դրանով իսկ նպաստելով ազգային երաժշտական կադրերի պատրաստմանը։
1921 թվականին հայ հայտնի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց երաժշտական ստուդիա, որի հիման վրա էլ, 1923-ի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Սկսած 1946-ից այն կրում է Կոմիտասի անունը։
Երևանյան կոնսերվատորիան Հայաստանի միակ բարձրագույն երաժշտական հաստատությունն է։ Իր պատմության 80 տարիների ընթացքում այն կրթել է երաժիշտների մի ամբողջ համաստեղություն, որոնք նվաճել են աշխարհի լավագույն բեմերը։
Երևանի կոնսերվատորիան անցել է զարգացման երկար ու հետաքրքիր ճանապարհ։ Ստեղծման առաջին իսկ տարիներից այնտեղ գործել են դաշնամուրի, լարային, փողային գործիքների, վոկալի, խմբավարության, կամերային անսամբլի դասարաններ։ 1924-25 ուսումնական տարում կոնսերվատորիայում ստեղծվեց առաջին հայկական սիմֆոնիկ նվագախումբը։
1926-1927 թվականներին բացվեց օպերային ստուդիան, 1930-1931-ին՝ կոմպոզիցիայի, իսկ մեկ տարի անց՝ օպերային և սիմֆո-դիրիժորության դասարանները։ 1938-ին կոնսերվատորիային կից բացվեց Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, որն այսօր Հայաստանի լավագույն կրթօջախներից է։
1937-1938 թվականներին հիմնադրվեց կոնսերվատորիայի երաժշտագիտության ֆակուլտետը, որտեղ ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում երաժշտության տեսությունից ու պատմությունից, երաժշտա-քննադատությունից, հարմոնիայից, պոլիֆոնիայից, ձևի վերլուծությունից և այլ առարկաներից։
Ավելի ուշ՝ 1969-ին բացվեցին նաև ժողովրդական ստեղծագործության, 1978-ին՝ ժող. գործիքների, 1987-ին՝ ժող. երգեցողության կաբինետները, իսկ 1988-ին՝ ժող. ստեղծագործության ամբիոնը։ 1997-ից կոնսերվատորիայում գործում է ջազային երաժշտության բաժինը։ Գոյություն ունի նաև արտասահմանյան ուսանողների ամբիոն։
1961-ից կոնսերվատորիային կից գործում է ասպիրանտուրա, որտեղ կատարելագործվում են կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտները։
80 տարիների ընթացքում կոնսերվատորիան ղեկավարել են հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ, մշակույթի գործիչներ.

Ռոմանոս Մելիքյան (1923-1924)
Արշակ Ադամյան (1924-1926)
Անուշավան Տեր-Ղեւոնդյան (1926-1930)
Սպիրիդոն Մելիքյան (1930-1931)
Սնար Սնարյան (1931-1932)
Գևորգ Հովհաննիսյան (Կիմիկ) (1932-1933)
Վարդան Սամվելյան (1933-1936)
Կոնստանտին Սարաջև (1936-1937, 1940-1954)
Սամսոն Գասպարյան (1937-1940)
Գրիգոր Եղիազարյան (1954-1960)
Ղազարոս Սարյան (1960-1986)
Էդգար Հովհաննիսյան (1986-1992)
Տիգրան Մանսուրյան (1992-1993)
Արմեն Սմբատյան (1993-2002)
Սերգեյ Սարաջյան (2002-ից առ այսօր)


Արդի Հայաստանում Կոմիտասի անունն է կրում նաև Երեւանի բանուկ փողոցներից մեկը։ Այն ստեղծվել է 1963-1964-ին՝ հայ ճարտարապետության եւ քաղաքաշինության ծաղկման շրջանում և քաղաքի Զեյթուն թաղամասը կապում է «Բարեկամություն» հրապարակի հետ։

1996 թվականին երաժիշտ-մանկավարժ Ռուզաննա Եսայանի նախաձեռնությամբ Երեւանում բացվեց «Կոմիտաս» մասնագիտացված երաժշտական հրատարակչությունը։ Վերջինիս հիմնական նպատակը հայ երաժշտական արվեստի պրոպագանդումն է, երիտասարդ ու տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների լուսաբանումը։ 8 տարիների ընթացքում հրատարակչությունը թողարկել է երաժշտական գրականության 60-ից ավելի նմուշներ՝ գրքեր և նոտաներ, որոնք բազմիցս ներկայացվել են միջազգային ցուցահանդեսների (Մոսկվայում, Ֆրանկֆուրտում)։
«Կոմիտաս» հրատարակչությունը կարևոր նշանակություն է տալիս հայ ժողովրդական, աշուղական երաժշտությանը։ 2004 թվականից նրան կից գործում է գրադարան, որտեղ պահվում են տարբեր շրջանի հայ կոմպոզիտորների չհրատարակված ստեղծագործությունները։
«Կոմիտաս»-ը Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամ է։ Այն համագործակցում է երաժշտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ երաժշտական արվեստի գործիչների հետ։
Ստորև բերվում է «Կոմիտաս»-ի հրատարակած գրականության ցուցակը.

Նոտաներ
Կոմիտաս (ծննդյան 130-ամյակի առթիվ, պետ. պատվեր)
Մշակումներ և փոխադրումներ ջութակի և դաշնամուրի համար
Երգերի ժողովածու
Խմբերգերի ժողովածու

Գևորգ Աճեմյան
Պիեսների ժողովածու
Մշակումներ Արամ Խաչատրյանի բալետներից (ջութակահարների անսամբլի համար)
Ն.Խաչատրյան, Ա.Եղիազարյան
Դաշնամուրային պատկերներ (կոմիտասյան թեմաներով) 4 ձեռքի համար

Գեորգի Սարաջյան
Սյուիտ աշուղականթեմաներով (2 դաշնամուրի համար)
Էքսպրոմտ (դաշնամուրային տրիո)

Պարտիտուրներ
Ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
20-րդ դար. հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (3 ժողովածու)

Աշոտ Սաթյան (կրտսեր)
Դաշնամուրային պիեսներ
Դաշնամուրային դուետներ

Վարդան Աճեմյան
Ղողանջներ
Որմնանկարներ
Սոնատ

Արցախի կոմպոզիտորներ
Վոկալ ստեղծագործություններ
Դաշնամուրային ստեղծագործություններ
Գործիքային ստեղծագործություններ

Երիտասարդ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ
Դուդուկահարի ձեռնարկ
Կոնցերտներ, կվարտետներ, երգերի ժողովածուներ, խմբերգեր, ուսումնական ու
մեթոդական ձեռնարկներ եւ այլն

Գրքեր
Ի.Զոլոտովա, Շ.Ափոյան - «20-րդ դարի դաշնամուրային կատարողական արվեստի և մանկավարժության պատմությունից»
Վ.Եդիգարյան - «Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա»
Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու - գիրք 1,2
Ա.Արևշատյան - «Հայ միջնադարյան «Ձայնից» մեկնություններ»

Հանճարեղ Կոմիտասի անունն այսօր կրում է Երևանի լավագույն համերգային դահլիճներից մեկը՝ Կամերային երաժշտության տունը։ Դա մի ինքնատիպ ու հարմարավետ (300 հոգանոց) դահլիճ է, որը կառուցվել է 1978 թվականին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ջանքերով։ Այստեղ հաճախ կազմակերպվում են կամերային, վոկալ-գործիքային, խմբերգային, երգեհոնային երաժշտության երեկոներ։ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ելույթ են ունենում ոչ միայն հայ, այլև օտարազգի անվանի երաժիշտներ։

Կոմիտասի մասին ստեղծվել են կինոնկարներ. «Գարուն ա, ձուն ա արել» (1969թ., Հ.Մելիք-Ավագյան), «Կոմիտասի Ձայնը» (1969թ., Ռ.Մա­րուխյան), «Կոմիտաս» (1970թ., Լ.Իսահակյան), «Կոմիտաս» (1982թ., Բ.Հովսեփյան)։

Հայաստանում գործում է նաև Կոմիտասի անունը կրող լարային քառյակ: