ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ

Կոմիտասյան արվեստը մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսանում թե՛ կատարողների, թե՛ ստեղծագործողների համար։ Նրան հաճախ են անդրադառնում շատ կոմպոզիտորներ՝ մշակելով, կատարողական տարբեր կազմերի համար փոխադրելով հանճարեղ արվեստագետի երաժշտական հիասքանչ նմուշները։ Կոմիտասյան թեմաներով ստեղծված մշակումները բազմազան են և ինքնօրինակ. դրանցից յուրաքանչյուրում մշտապես առկա է հայ մեծ դասականի ոգին։
Կոմիտասի երգերի հիասքանչ մշակումների հեղինակ է նրա անունը կրող լարային քառյակի հիմնադիր-թավջութակահար Սերգեյ Ասլամազյանը։
Լինելով կատարող-երաժիշտ՝ նա նաև տաղանդաշատ ստեղծագործող էր, որի շնորհիվ հարստացավ հայ կվարտետային երաժշտության երկացանկը։ Կոմիտասի արվեստը միշտ էլ հիացրել էր Ասլամազյանին. նրա ստեղծագործությունները թավջութակահարն համարում էր անգերազանցելի ու անթերի նմուշներ։ Թերևս, դա էր պատճառը, որ Ասլամազյանը պատասխանատվության մեծ զգացումով էր համակվում հանճարեղ Կոմիտասի երգերը մշակելիս։ Կատարելապես տիրապետելով կվարտետային երաժշտության գաղտնիքներին ու նրբություններին՝ իր մշակումներում նա առավելագույնս օգտագործում էր քառյակի կատարողական հնարավորությունները՝ հասնելով ներդաշնակության և թափանցիկ հնչողության։ «Հաբրբան», «Շողեր Ջան», «Երկինքն ամպել ա», «Քելեր-ցոլեր», «Վաղարշապատի պար», «Քելե-քելե», «Ալ այլուղս»... Ասլամազյանական մշակումներն արված են գեղարվեստական բարձր ճաշակով, լարային քառյակի հնարավորությունների հիանալի իմացությամբ։ Թավջութակահարն ինքնատիպ ձևով է մոտենում յուրաքանչյուր գործիքին՝ ստեղծելով գունեղ հնչողություն։ Նրա մշակումներում, թվում է, թե նվագում են ոչ թե ջութակը, ալտը, թավջութակը, այլ հայ ժողովրդական գործիքները։ Օգտագործելով կվարտետի գործիքների կատարողական հնարավորությունները՝ Ասլամազյանը ստեղծում է թառի, քամանչայի հնչողություն։ Նրա մշակումները ազգային են իրենց ոգով և պատահական չէ, որ Կոմիտասի անվան քառյակի ելույթներում այդ փոքրածավալ ստեղծագործությունները մշտապես առկա են որպես երկացանկի անբաժանելի մաս։ Դրանք կվարտետային երաժշտության անգին մարգարիտներ են, որոնք մշտապես հիացնում են թե՛ երաժիշտներին, թե՛ պարզապես երաժշտասերներին։
Թերևս, չի սխալվել խորհրդային մեծ կոմպոզիտոր-սիմֆոնիստ Նիկոլայ Մյասկովսկին՝ ասելով. «Այդ մշակումները պետք է դառնան յուրաքանչյուր կոմպոզիտորի սեղանի գիրքը»։ Իսկ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի խոսքերով, «հայ կամերային արվեստի այդ մարգարիտները, որոնք Ասլամազյանն համեստորեն դասում էր մշակումների շարքին, գրված են լրջախոհ ու նուրբ մտածելակերպի տեր վարպետի ձեռքով։ Կոմիտասյան այդ հիանալի ցիկլը, որը, կարծեք, քառյակի երաժշտական խորհրդանիշը լինի, հաջողությամբ հնչում է առ այսօր»։
Ասլամազյանական մշակումների շնորհիվ աշխարհի տարբեր ծայրերում ճանաչում են Կոմիտասի արվեստը, նրա հիասքանչ երգերը, ուրեմն և՝ հայ ժողովրդին։
Ի դեպ, Ս.Ասլամազյանն ունի նաև կոմիտասյան երգերի՝ ջութակի և դաշնամուրի համար արված մշակումներ (օրինակ, «Կռունկը»)։
Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանը նույնպես անտարբեր չի անցել հանճարեղ կոմպոզիտորի երգերի կողքով. կոմիտասյան «Կաքավիկ»-ի ու «Ծիրանի ծառ»-ի՝ ջութակի ու դաշնամուրի համար արված նրա փոխադրումներում զգացվում է ջութակի կատարողական հնարավորությունների հիանալի իմացությունը։
Կոմիտասի «Վաղարշապատի պարի» գեղեցիկ մշակում ունի հայ տաղանդաշատ կոմպոզիտոր ու փայլուն դաշնակահար Առնո Բաբաջանյանը։ Նրա մշակումը թե՛ հայտնի կատարողների, թե՛ ուսանող-դաշնակահարների երկացանկի անբաժանելի նյութերից է։
Կոմիտասյան երգերի մշակումների հեղինակներից է հայ նշանավոր դաշնակահար, մանկավարժ Ռոբերտ Անդրեասյանը։ Նրա երաժշտական տաղանդը դրսևորվել է նաև կոմպոզիցիայի բնագավառում։ Սքանչելի են Անդրեասյանի՝ կոմիտասյան երգերի դաշնամուրային փոխադրումները։ Դրանցում պարզորոշ կերպով արտահայտվում է հայ հանճարեղ կոմպոզիտորի՝ Կոմիտասի նուրբ ու հստակ ոճի ազդեցությունը։ Զգուշությամբ և խնամքով է վերաբերվում Անդրեասյանը բնագրին՝ ձգտելով պահպանել հիմնական երաժշտական կերպարը։ Խստությունը, անկեղծությունը, զգացմունքների նրբությունն ու զսպվածությունն հանդես են գալիս ամենուրեք՝ լինի դա տրամադրությամբ ողբերգական «Գարուն ա»-ն, թե կատակային «Կաքավիկը», նրբագեղ «Հոյ, Նազանը», թե լիրիկական «Հաբրբանը», արտահայտիչ «Հով արեք»-ը, թե դրամատիկական «Ծիրանի ծառը»։
Յուրաքանչյուր փոխադրություն յուրօրինակ ավարտուն մանրանվագ է՝ ստեղծված որոշակի գեղարվեստա-ֆակտուրային միջոցներով։ Լայնորեն օգտագործելով դաշնամուրի հնարավորությունները՝ Անդրեասյանը ստեղծում է հայ ժողովրդական գործիքների հնչողության տպավորություն։ Նրա փոխադրումների մասին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է. «Դրանք ստեղծված են իսկական վարպետի ձեռքով»։
Նույնպիսի պրոֆեսիոնալիզմով են ստեղծված նաև դաշնակահար Գևորգ Սարաջյանի մշակումները։ Ինքնատիպ ու հուզիչ է հնչում նրա «Կռունկ»-ը՝ հայ ժողովրդական երաժշտության հիասքանչ նմուշներից մեկը։
Կոմիտասյան մեկ այլ երգի՝ «Ախ, մարալ ջան»-ի ոգին հրաշալի կերպով է պահպանել ջութակի և դաշնամուրի համար արված իր մշակման մեջ երաժիշտ-կատարող Արամ Շամշյանը։ Այստեղ, կարծեք, ջութակը երգում է, ոչ թե նվագում։
Ասլամազյանական հիասքանչ նմուշների կողքին լարային քառյակի համար արված կոմիտասյան երգերի մշակումներից պետք է առանձնացնել ժամանակակից կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները։ Ժողովրդական երգը կոմպոզիտորին գրավել է դեռևս ստեղծագործական վաղ շրջանում։ Լարային քառյակի համար «Ես սիրեցի» երգի մշակումը վերաբերում է Ալթունյանի գործունեության հենց այդ շրջանին։ Իսկ բոլորովին վերջերս ստեղծված նրա «Անտունին» կոմիտասյան երգի մշակման ինքնատիպ օրինակ է։ Հատկանշական է, որ կոմպոզիտորն ընտրել է ոչ ավանդական գործիքային կազմ՝ քամանչա և կամերային նվագախումբ՝ ստեղծելով տեմբրերի հետաքրքիր սինթեզ։
Կոմիտասի արվեստը միշտ էլ հետաքրքրել է կոմպոզիտորներին։ Դժվար թե գտնվի հայ ստեղծագործող, որը երբևէ հետաքրքրված չլինի հանճարեղ երաժշտի ստեղծագործություններով ու իր գործերում կիրառած չլինի կոմիտասյան թեմաներից գոնե որոշ ինտոնացիաներ։
Հայ երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ ստեղծված Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, որտեղ մեծ երաժշտի ու նրա ժողովրդի կերպարների բնութագրման համար կոմպոզիտորը դիմել է Կոմիտասի հանճարի բովով անցած ժողովրդական մեղեդիներին՝ զգուշությամբ, չափի նուրբ զգացումով զարգացնելով ու գործիքավորելով դրանք։
Կոմիտասի ստեղծագործությունները լայնորեն մշակվում են նաև էստրադային ժանրում։
Կոմիտասյան երգն անսպառ աղբյուր է, որից օգտվել ու դեռ շատ են օգտվելու գալիք սերունդները...