ԿՈՄԻՏԱՍԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստեղծագործելով հիմնականում վոկալ ժանրում՝ Կոմիտասն անտարբեր չի գտնվել նաև գործիքային երաժշտության հանդեպ։
1906 թվականին Փարիզում նա ստեղծեց դաշնամուրային պարերի իր ցիկլը, որը կոմպոզիտորի հազվագյուտ գործիքային ստեղծագործություններից է։ Մինչ այդ ստեղծված դաշնամուրային երկերի համեմատությամբ կոմիտասյան պարերը մի առաջաքայլ են հայ երաժշտության մեջ. դրանք խորապես ու հարազատորեն դրսևորում են հայ ժողովրդական, ազգային ոճը։ Հետաքրքիր է, որ ցիկլի վեց պարերից և ոչ մեկում կոմպոզիտորը նպատակ չի ունեցել վիրտուոզային կատարողականություն ցուցադրել։ Այդուհանդերձ, դաշնամուրային ֆակտուրան հարուստ է ու գունեղ։ Ինչպես բոլոր ստեղծագործություններում, այնպես էլ պարերում Կոմիտասն, առաջին հերթին, հանդես է գալիս որպես ազգագրագետ՝ դաշնամուրը դարձնելով ինքնատիպ նվագախումբ և հնարավորինս պահպանելով ժողովրդական գործիքների տեմբրային յուրահատկությունները։
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ Լուի Լալուան այս պարերի մասին գրել է. «Հայոց պարերն այնքան բնական են, այնքան ճկուն, այնքան կենդանի, ընդունակ արտահայտվելու մարմնի շարժումներով և ներդաշնակ ձևերով, հոգու համապատասխան շարժումներով և ելևէջներով... Եղանակներ, որոնք աչքի առաջ պատկերացնում են արձանագործության ձևերը և շնորհալի կեցվածքը... Այս եղանակները հազվագյուտ ճարտարությամբ և ընտիր ճաշակով դաշնակել է Կոմիտասը»։
Բոլոր վեց պարերը վկայում են հայ ժողովրդական երաժշտության և, հատկապես, ազգային գործիքային երաժշտության էության և յուրահատկությունների մեջ խորը թափանցելու և դրանք ժամանակակից դաշնամուրային միջոցներով վերարտադրելու կոմպոզիտորի կարողության մասին։
Կոմիտասյան պարերում երաժշտական արտահայտչական միջոցները նպաստում են ստեղծագործական կերպարների բացահայտմանը։
Այդ կերպարներն, հիմնականում, գալիս են հայ կանացի պարերից, որոնք հիացնում են իրենց ջերմությամբ, սահունությամբ ու նազանքով։ Դրանց համադրվում է տղամարդկանց պարերի հատու ռիթմը՝ ստեղծելով առույգ տրամադրություն։
Պարերում Կոմիտասն հատուկ նշել է դրանց տարածման վայրերը։ Հեղինակային նշումներն օգնում են թե՛ կատարողին, թե՛ ունկնդրին ավելի խորն ըմբռնել պարի էությունն ու բնույթը։
Առաջին պարը՝ «Երանգին» (Երևանյան պար) աչքի է ընկնում կանացի պարերին հատուկ նրբագեղությամբ և նազանքով։
Վերջինս ստեղծվում է մեղեդու օկտավային կրկնապատկման շնորհիվ, իսկ ենթաձայներն օգնում են պատկերելու հարվածային գործիքների կշռույթային գծագիրը։
«Ունաբի»-ում (Շուշվա պար) կոմպոզիտորը նշել է. «քնքուշ և վեհ»։ Այն աչքի է ընկնում մեղեդայնությամբ, նրբությամբ և թափանցիկ ֆակտուրայով։
Հաջորդ երկու պարերում՝ «Մարալի»-ում (Շուշվա պար) և «Շուշիկի»-ում (Վաղարշապատի պար) Կոմիտասը ստեղծել է ժողովրդական գործիքների հնչողության տպավորություն։ Առաջինում դաշնամուրն հնչում է ինչպես դափը, իսկ երկրորդում՝ թառը։
Ցիկլում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Ետ ու առաջ»-ը (Կարնո պար). այն տղամարդկանց խմբապար է և աչքի է ընկնում առույգ ու առնական բնույթով։ Այստեղ Կոմիտասը ստեղծում է շվիի և դհոլի hնչողության տպավորություն։
Ցիկլի վերջին պարում՝ «Շորոր»-ում (Կարնո պար) նշված է. «վեհ և հերոսաբար»։ Վեհություն, հանդիսավորություն, զսպվածություն արտահայտելու համար կոմպոզիտորն ընտրել է ցածր ու խուլ ռեգիստրը։ Առնական, կամային պարը բնութագրում է ուժեղ ու հպարտ մարդկանց, որոնց գործողություններն ու շարժումները միասնական են և միաձույլ։
Դաշնամուրային այս պարերն ինքնատիպ և բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներշնչման աղբյուր են հանդիսացել շատ կոմպոզիտորների համար։ Օրինակ, □«Վաղարշապատի պարի»՝ լարային քառյակի համար արված Սերգեյ Ասլամազյանի, դաշնամուրի համար արված Առնո Բաբաջանյանի մշակումները հայ երաժշտական արվեստի հիասքանչ նմուշներից են։